ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԻՐՈԼ. եղանակը լեռներում

30 10 2009

պատմություն Եվրոպայի կենտրոնում ծագած հակամարտության մասին

Photo---4

Եվրամիությունը, որը ստեղծվել էր ընդամենը Եվրոպայում քարածխի առետուրը կարգավորելու համար, այժմ կամաց-կամաց կերտում է Եվրոպայի անվտանգ քաղաքացու կերպարը՝ բոլոր առումներով։ Սրան զուգահեռ, կամ՝ հակառակ (երկուսն էլ ճիշտ են այս դեպքում), Եվրոպան շարունակում է կրել իր ներքին բախումների բեռը, որը լավ ծանրացրել են առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները։ Գնացքով Ավստրիայից Իտալիա մեկնելիս սահմանն անցնում է Հարավային Տիրոլով՝ Իտալիայի հյուսիսում գտնվող լեռնային մի հրաշալի երկրամասով։ Սահմանագծին ուղեկցողը հայտարարում է. Հարգելի ուղեւորներ, եկեք այժմ հրաժեշտ տանք ավստրիական երկաթուղիներին, ձեզ ողջունում է իտալական երկաթուղային ընկերությունը, բարի գալուստ Իտալիա։ Եթե հարգելի ուղեւորները պատուհանից դուրս նայեն, լսածն ու տեսածն իրար կհակասեն, որովհետեւ  սահմանի վրա գրված է. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԻՐՈԼՆ ԻՏԱԼԻԱ ՉԷ։

Photo---1

Sud Tirol Ist Nicht Italien
Հարավային Տիրոլը, գլխավորապես ավստրիացիներով բնակեցված Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկը (7.400 կմ2, 431.000 բնակչություն) Առաջին համաշխարհային պատերազմից հետո միացվել է Իտալիային՝ պատմական «սովորական դեպքերի» արդյունքում. Ավստրոհունագարիայի կայսրության անկում, ճակատամարտ գետի ափին, գաղտնի պայմանագիր, Փարիզի համաձայնագիր, ազատագրական պայքար, Վիլսոնի գծած սահմաններ եւ այլն։ Բոլորիս էլ ծանոթ դրվագներ են, որոնք կապ ունեն Եվրոպայի ցանկացած երկրի պատմության հետ։ Հարավային Տիրոլի հակամարտությունը, սակայն, եզակի է այն առումով, որ այն սկսվեց Եվրոպայի պառակտումով եւ կանխվեց Եվրոպայի միավորմամբ։ Իհարկե, այս երկրամասում այսօր էլ անկախության համար պայքարող ուժեր կան, օրինակ՝ «Ազատություն Հարավային Տիրոլին» շարժումը։

photo---3

Այդ շարժման ղեկավար Եվա Կլոցը նշում է, որ ճիշտ է, իրենք ունեն ինքնավարություն, բայց ունեն նաեւ իրավունք՝ ազատորեն ընտրելու սեփական ապագան բոլոր ժողովրդավարական լծակներով։ Միացյալ Իտալիայի կողմնակից Ալեսսանդրո Ուրձիի տեսակետն էլ այն է, որ բոլոր ազգերն Իտալիայում հրաշալի ապագա ունեն, պետք է աշխատեն, բազմանան եւ հպարտորեն իրենց եվրոպացի եւ իտալացի կոչեն։ Այս քաղաքակակիրթ բանավեճը վարող երկու կողմերին՝ Կլոցին եւ Ուրձիին կոչում են ռադիկալներ։ Հարավային Տիրոլում գործող Ազգային փոքրամասնությունների հարցերի Եվրոպական ակադեմիայի փորձագետ Գաբրիեոլ Թոգենբուրգը նշում է, որ երկու ռադիկալ կողմերի դիրքերն էլ թուլացել են Եվրամիության գործոնի, իր խոսքերով՝ «Եվրոպական հովանոցի» ազդեցության տակ։ «Մարդիկ Հարավային Տիրոլից (Իտալիայից) մեկնում են Ինսբրուկ (Ավստրիա) իրենց բարեկամին տեսնելու։ Սահմանին անձնագիր ցույց չեն տալիս, մաքսային հայտարարագիր չեն լրացնում, փող չեն փոխում, տրանսպորտային միջոց չեն փոխում։ Կարճ ասած՝ թվում է, թե սահմանները վերացել են։ Բրենները, որն առաջ Ավստրիայի եւ Իտալիայի սահմանագծի մի քաղաք էր, արդեն երկու պետությունների բաժանարար գիծը չէ։ Ահա թե ինչ է արել Եվրամիությունը այս հակամարտության հետ»։

Option
Հարավային Տիրոլի հակամարտությունը խորացել է Մուսոլինիի ժամանակներից, 1920-ականների կեսերից։ Բնիկ տիրոլցիները սարսափով են հիշում Հիլտլերի եւ Մուսոլինիի option կոչվող ծրագիրը։ Ըստ դրա, ազգությամբ գերմանացիները պետք է կամ թողնեին իրենց երկիրը եւ մեկնեին Գերմանիա, կամ էլ մնային ու այդուհետ համարվեին իտալացի։ Մնացողները նույնիսկ իրենց հայրերի եւ պապերի անունները շիրմաքարերի վրա փոխում էին իտալականով, որ չթողնեն հայրենի տունը։ Այս տարիներին փակվել են բոլոր ազգային դպրոցները։ Միակ գերմանատառ գիրքը, որն արգելված չէր՝ Աստվաշաշունչն էր։ Երկրամասը ակտիվորեն բնակեցվել է իտալացիներով (ովքեր 1910 թվականին բնակչության 2% տոկոսն էին, իսկ հիմա՝ 25 %-ը), ավանդական գյուղատնտեսական ճյուղերին փոխարինել է ծանր արդյունաբերությունը։ Հիմա էլ, Հարավային Տիրոլի քաղաքներն ունեն երկու ճարտարապետական բաժանում. «գերմանական մաս» եւ «իտալական թաղամաս»։ Նացիզմի եւ Ֆաշիզմի ռեժիմների անկումներից հետո, երբ հիմք դրվեց Եվրոպայի Խորհրդին, Հարավային Տիրոլում Ավստրիայի հետ վերամիավորման պայքարը նոր թափ ստացավ։ Վերսկսվեցին ցույցերն ու քայլերթերը, իսկ ակտիվիստների (Հռոմում նրանց տեռորիստ էին կոչում) խմբերը պայթյուններ էին իրականացնում (գիշերները, ոչ մարդաշատ վայրերում, որ զոհեր չլինեն), որ միջազգային հանրության ուշադրությունը գրավեն։ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի ջանքերով Հարավային Տիրոլի հակամարտությունը հանգեց ինքնավարության կարգավիճակի։

Autonomia Dinamica
Իտալիայի սահմանադրության մեջ հստակորեն ամրագրվեց այս երկրամասի կարգավիճակը, որը փոփոխման ենթակա չէ։ Նույնիսկ Ավստրիան իրավունք ստացավ միջամտել, եթե ազգային ինքնորոշման իրավունքը Իտալիայի այս հատվածում ոտնձգության ենթարկվի։ Երկու երկրների՝ Ավստրիայի եւ Իտալիայի Եվրամիության անդամ դառնալուց հետո հարթվեցին հակամարտության գրեթե բոլոր սուր կողմերը։ Ստեղծվեց autonomia dinamica – ն՝ ճկուն ինքնավարությունը։ Ինքնավարության կողմնակիցները Հարավային Տիրոլը համարում են «գրեթե անկախ պետություն» եւ ունեն զորավոր փաստարկներ։ Օրինակ, Բավարիան, լինելով Գերմանիայի դաշնության սուբյեկտ, հարկեր է վճարում դաշնային կառավարությանը, իսկ Հարավային Տիրոլը Իտալիային՝ ոչ։ Ստեղծվել է քվոտաների համակարգ, եւ գերակշռող գերմանացի բնակչությունը ստանում է ավելի մեծ մասնաբաժին հարկերից (Հարավային Տիրոլը խոշոր տուրիստական կենտրոն է ձմեռային սպորտաձեւերի եւ լեռնային հանգստի սիրահարների համար), աշխատատեղերից, քան՝ մնացած ազգերը։ photo---5Տեղական խորհրդարանում, որը երկրամասի կառավարման մարմինն է, մեծամասնություն է կազմում Հարավային Տիրոլի ժողովրդի կուսակցությունը։ Քաղաքագետ Գյունտեր Փալովերը այս տարբերակն անվանում է «աննորմալ դեմոկրատիա», երբ իրար հակասող ուժերը ներքեւում (հասարակության մեջ) բաժանված են, բայց վերեւում՝ խորհրդարանում, միասին են, վերեւում միավորված են, բայց ներքեւում բաժանում են ամեն ինչ՝ ռեսուրսները, դպրոցները, աշխատատեղերը։ Իսկ պատմաբան Ջերլադ Շտայնախերը սա անվանում է «քնած հակամարտություն», որին օրոր է ասում Եվրոպան։ Եվրոպա ասելով, պարոն Շնայնախերը նկատի ունի երկրամասի բարեկեցությունը՝ Եվրամիության առեւտրային համագործակցությունը, մարդու եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանվածությունը, մի խոսքով, Եվրոպան՝ լայն ըմբռնմամբ։ Եւ երբ, ասում է նա, տնտեսական իրավիճակը կվատանա, բոլորը սկսեն քավության նոխազներ փնտրել, մեջտեղ կգան սոցիալական խնդիրներ եւ դրանք էլ կհարուցեն ազգային հարցեր. հակամարտությունը կարթնանա։

P.S. – 1
Հիմա Հարավային Տիրոլի Բոլցանո քաղաքի հենց կենտրոնում վեր է խոյանում Հաղթանակի հուշարձանը։ Այն կառուցվել է Ավստրիայի կայսերական հուշարձանի տեղում՝ 1921 թվականին, Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Վրան էլ գրված է. «Սա մեր հայրենիքն է՝ Իտալիան։ Մենք եկանք այստեղ եւ օտարներին բերեցինք լեզու, օրենքներ եւ մշակույթ»։Photo---2

Իսկ երկրամասի դատարանի շենքի վրա Մուսոլինիի բարձրաքանդակն է, եւ Հռոմի կայսրների դիմանկարները։ Հարավային Տիրոլի գերմանախոս բնակչությունը այս ամենին ավելի շատ փիլիսոփայորեն է մոտենում, քան՝ հանդուրժողաբար։ Ասում են, այս ամենը իրենց ուժ է տալիս՝ պայքարը շարունակելու եւ զգոն լինելու։ Այստեղ են անցնում բոլոր միտինգներն ու քայլերթերը։ Հուշարձանը ցանկապատված է, դրան մոտենալ չի կարելի, բանալին էլ Հռոմում է գտնվում։ Երբ իտալացիներն ուզում են ծաղիկներ դնել իրենց հուշարձանին, այն ժամանակ էլ բացում են ցանկապատը։

P.S. – 2
Հարավային Տիրոլի բոլոր բնակավայրերի անունները երկու լեզվով են, գերմաներեն եւ իտալերեն. Brenner/Brennero, Bozen/Bolzano, Meran/Merano։ Ինչպես ասում են / (slash) նշանը այստեղ շատ տարածված է։ Եթե որեւէ մեկը ընդգծված ասում է Brenner, նշանակում է, նա գերմանախոս բնակչության ՙկողմն է պահում՚, եթե զրույցի մեջ լսես միայն Bolzano, ուրեմն՝ իտալական։ Համապատասխանաբար, կարելի է հասկանալ, թե ովքեր են, այսպես կոչված, «չեզոքները»։Ի դեպ, եթե Ձեզ Հարավային Տիրոլում ազգային ուտեստ՝ կնոդել հյուրասիրեն, ոչ մի դեպքում այն դանակով չկիսեք։ Դա կնշանակի, թե կնոդելի գնդիկն այնքան կոշտ է, որ դանակի կարիք կա։ Իսկ իտալական Ciao -ի եւ գերմանական Guten Tag -ի փոխարեն պետք է ողջունել Grispi փոխզիջումային բառով։ Սա հանդուրժողականության առաջին դասն է, որ առնում են Հարավային Տիրոլի բոլոր այցելուները։

 


Actions

Information

Leave a comment